Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» աշխատանքային գիտաժողովին
2020 թվականի հունվարի 25-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետները՝ տնօրենի տեղակալ գիտության գծով Պ.Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից կազմակերպված «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովում քննարկվել են պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացվող օդերևութաբանական, սեյսմաբանական, բնապահպանական և այլ մշտադիտարկման տվյալների հիման վրա ամպային միջավայրի ռեսուրսներով համակարգչային մոդելների միջոցով ստացված գիտական և կիրառական արդյունքների` պետական ծառայությունների գործունեության մեջ ներդրման վերաբերյալ հարցեր:
Գիտաժողովի ընթացքում գիտնականների և մասնագետների կողմից հնչել են զեկույցներ պետական նպատակային ծրագրային խնդիրների, Հայաստանում կլիմայական փոփոխությունների, տնտեսության խոցելիության գնահատման կլիմայական ռիսկերի, մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի, գնահատման և կանխատեսման հիմնախնդիրնների, CM-SAF արբանյակային տվյալների կիրառմամբ կլիմայական ծառայություններում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար օգտագործվող ապարատածրագրային հնարավորությունների, ASNET-AM ցանցում ամպային ծառայությունների, սեյսմիկ անվտանգության համակարգերի վերաբերյալ և այլ նաև փորձագիտական նշանակության հարցեր:
Գիտաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել են նպատակային ծրագրի կիրառական արդյունքները և լուծվող խնդիրները, ինչպես նաև քննարկվել և նախանշվել են 2020 թվականի ընթացքում լուծման ենթակա հարցերը:
Ելույթ ունենալով գիտաժողովի ամփոփիչ կլոր սեղանի ժամանակ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտության գծով Պ.Ոսկանյանը բարձր է գնահատել նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը, կարևորելով ստացված գիտական ու կիրառական արդյունքները, առաջարկելով գործուն քայլեր ձեռնարկել ստացված արդյունքները դատափորձագիտական վերաբերելի բնագավառներում իրականացվող հետազոտություններում կիրառման համար ներդրման նպատակով: Մասնակիցներին առաջարկվել է նաև համագործակցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ՝ նպատակ ունենալով համատեղ մշակել նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կարող են կիրառվել փորձաքննությունների իրականացման ընթացքում՝ նպատակաուղղված լինելով ընդլայնելու փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները գործնականում:
28 Դեկտեմբեր 2016